Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվել է Երևանի 22–ամյա բնակչի կողմից Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ուղղությամբ, ավտոկայանատեղիում կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու՝ հանրային հետաքրքրություն առաջացրած դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. փետրվարի 19-ին՝ ժամը 19:45-ից մինչև 22:55-ն ընկած ժամանակահատվածում, 22-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ գնալով զինվորական խանութ, գնել է «Gamo», «Quarta», «Borner» ապրանքանիշերի՝ ատրճանակի համար նախատեսված 3 հատ գազի բալոն։ Ապա իր՝ «Նիսսան Սենթրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Գայի պողոտա 19 և 17 հասցեների հարակից հատված:
22–ամյա երիտասարդը, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով նախ՝ փողոցում քայլելիս, ապա՝ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ մի քանի կրակոց է արձակել։
Դրա հետևանքով վնասվել են Նոր Նորք վարչական շրջանի և «Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի վարչական շենքերի պատուհանները, հարակից հատվածում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին, ինչպես նաև խոչընդոտվել է ՍՊ ընկերության և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը՝ վերջիններիս մոտ առաջացնելով վախի ու անհանգստության մթնոլորտ:
Քննությամբ պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի, դրա մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ:
Բացի այդ, 22-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, ձեռք է բերել և իր մոտ 7 առանձին փաթեթներում պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 4,91 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս պատկանող «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 22-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։