Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Կրթահամալիր):
Չհայտարարված այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հետևել են դասապրոցեսին, ունեցել են առանձնազրույցներ Դպրոցի աշխատակազմի հետ, ուսումնասիրել են Դպրոցի տարածքը, շենքային պայմանները, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Մասնավորապես, արձանագրվել է՝
- Կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին։
- Այցի պահին Կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան ուղղված քայլեր իրականացվում են:
- Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով, ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների բացակայությունը։
- Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը գործնականում չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը:
- Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ:
- Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների մասնագիտական լիազորությունների և փաստացի գործունեության անհամապատասխանություն:
- Կրթահամալիրում ներդրված չէ բռնությունների, այդ թվում՝ բուլինգի դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված հստակ գործիքակազմ:
- Արձանագրվել է, որ հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ գիշերում են Կրթահամլիրում տրանսպորտի բացակայության պատճառով։
- Առկա է Կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ ընդգծում է, որ պետությունը «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ի թիվս այլնի, ստանձնել է պարտավորություն ճանաչելու յուրաքանչյուր երեխայի կրթությունը առանց խտրականության և հավասար հնարավորության հիման վրա իրականացնելու իրավունքը՝ համընդհանուր ներառական կրթությունը հռչակելով որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։
Պետությունը պարտավոր է ապահովել, որ ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն այնպես, որպեսզի համապատասխանեն և հարմարեցվեն յուրաքանչյուր սովորողի պահանջներին և ապահովեն համապատասխան կրթական արձագանք: