Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 28-ը Երևանում անցկացվեց «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ ​​փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ անցկացված փառատոնի համերգային ծրագրերը ընդգրկեցին դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Փառատոնի հինգ սիմֆոնիկ համերգի ընթացքում այս տարի հնչեցին Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի, Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի և Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները։

Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկան մեծ ճանաչում վայելող արտիստներ՝ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը:

Համերգները ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն: Բացի այդ, արտիստները վարպետության դասեր անցկացրին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի սաների համար՝ պատանի երաժիշտներին փոխանցելով իրենց հմտությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Փառատոնն ամեն տարի անցկացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ, և նպատակ ունի մեր երկրում զարգացնելու մշակութային զբոսաշրջությունը։ Հատկանշական է, որ համերգներին ներկա էին մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք Երևանում հնարավորություն ունեն հաղորդակից լինելու անվանի մենակատարների արվեստին՝ միաժամանակ ծանոթանալով հայ կատարողական վարպետությանն ու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին։

«Արմենիա» փառատոնի համերգներից մեկն անցկացվեց «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով: Դիրիժոր Լուիս Անդրադեի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Սթիվեն Ուորթսը:

Համերգին ներկա էին Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ։

Փառատոնի լուսանկարները կարող եք գտնել այստեղ, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգների մասին տեղեկությունների համար կարող եք բաժանորդագրվել այստեղ։

365