Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիքի մարզ:

«Այցը, ըստ էության, մարդու իրավունքների վերաբերյալ է, եւ մենք կուզենք լսել նաեւ այդ թեմայով հարցեր ու խնդիրներ, որոնք դուք կառանձնացնեք: Գլխավորը կուզենք լսել այն հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն ձեր կյանքի, բարեկեցության, անվտանգության, քաղաքի խնդիրների հետ, եւ մենք էլ փորձենք օգնել ձեզ օրենսդրական կարողությունների տիրույթում»,- այս մասին Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը նոյեմբերի 4-5-ը եղել են Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում, սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ եւ Ծավ համայնքներում, հանդիպել մի խումբ բնակիչների հետ:

«Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք եւ հասկանանք նրանց կարծիքը` խաղաղության եւ անվտանգության օրակարգն է, որի ուղղությամբ մենք օրուգիշեր աշխատանք ենք իրականացնում»,- գորիսցիների հետ հանդիպմանն ընդգծել է Արթուր Հովհաննիսյանը` հորդորելով այդ հարցերի, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետներն ու գնահատականները:

Հարցուպատասխանի ձեւաչափով ընթացած բաց ու անկեղծ զրույցների ընթացքում Գորիսի եւ Կապանի բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգող բազմաբնույթ հարցերը, որոնք վերաբերում էին բնակչության անվտանգության ապահովմանը, զբոսաշրջության, ժամանակակից գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությանը, առողջապահության, կրթության ոլորտների խնդիրներին, բնակարանային ապահովման պետական ծրագրերին, հանքարդյունաբերությանը, բնապահպանությանը, աշխատատեղերի պակասին, ժողովրդագրական խնդիրներին, համայնքներից երիտասարդների արտահոսքին, տրանսպորտային հարցերին, դրանց վերաբերյալ նաեւ առաջարկներ ներկայացրել:

Գորիսի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ճանապարհների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացին: Հանդիպումների մասնակիցներից շատերը կարեւորել են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագիրը, հետաքրքրվել դրանց հետ առնչվող հարցերով:

Սահմանամերձ համայնքների բնակիչները նշում էին խմելու, ոռոգման ջրի, գյուղամիջյան ճանապարհների հետ կապված խնդիրները, իսկ հետո ավելացնում` թող խաղաղություն լինի, անվտանգություն, ամեն ինչ լավ կլինի:

Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին, տվել պարզաբանումներ: Նշվել է, որ բարձրացված հարցերն ու խնդիրներն արձանագրվում են, դրանք կքննարկվեն գործադիր մարմնի գործընկերների հետ:

Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ շատ հաճախ մարդիկ տեղյակ չէին իրականացվող ծրագրերից: Պատգամավորները բնակիչներին ներկայացրել են որոշ ծրագրեր, տվել հավելյալ տեղեկություններ:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած այցը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի` NDI-ի աջակցությամբ:

409