Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ԱԱԾ-ում ներդնել պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:
Ներկայումս այս կարգավորումները վերաբերում են միայն ՀՀ ՊՆ համակարգում պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներին, ուստի այն ազգային անվտանգության մարմիններում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների նկատմամբ հնարավոր չէ կիրառել։
Ներկայումս ԱԱԾ սահմանապահ զորքերում զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության։ Վերջիններս հաճախ տեղափոխվում են ՀՀ զինված ուժեր՝ հետագա պայմանագրային ծառայությունը շարունակելու նպատակով։
Բացի այդ, Սահմանապահ զորքերը ՊՆ-ից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ։
Նախագծով առաջարկվում է նախատեսել շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին ԱԱԾ-ում պայմանագրային զինծառայության ներգրավելու իրավակարգավորումներ։