Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից կազմակերպվել էր հրաժեշտի հանդիպում՝ ի պատիվ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի՝ Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ընդունելությունը մեկնարկել է CCAF համանախագահ Արա Թորանյանի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության նախագահ Վահե Խաչերյանի ելույթներով։ Դեսպան Տոլմաջյանին ուղղված հրաժեշտի խոսքերով և հետագա աշխատանքային գործունեությունում հաջողության բարեմաղթանքներով են հանդես եկել նաև Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայի հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը։

Շնորհակալություն հայտնելով հրաժեշտի ընդունելություն կազմակերպելու և իրեն ուղղված ջերմ խոսքերի համար՝ դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել ֆրանսահայ համայնքի կարևոր դերը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում՝ շեշտելով հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիքի և սփյուռքի միասնականության կարևորությունը։

Ընդունելության ընթացքում Հայաստանի դեսպանին հանձնվել են նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության անվանական հուշամեդալներ։

Միջոցառմանը ներկա էին ֆրանսահայ համայնքային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, գրողներ, ակադեմիական, մշակույթի և արվեստի ոլորտի գործիչներ, լրագրողներ։

408