Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազնավուրաշունչ երաժշտական ներկայացում` Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում
Աստվածաշնորհ դերասան եմ ես թափառաշրջիկ,
Բեմի համար եմ ես միայն ծնվել.
Տվե՛ք ինձ հարթակ անշուք ու խղճուկ,
Եվ ես կարող եմ ինձ գերազանցել...
Թափառաշրջիկ դերասան եմ ես աստվածաշնորհ.
Դա իմ արյո՛ւնն է, այդպիսի՛ն եմ ես,
Ինձ մի բե՛մ տվեք և հանդիսատե՛ս,
Ու տաղանդավոր մարդ կդառնամ ես.
Այրվելով իմ մեջ հորդող կրակից,
Խոսում եմ, լալիս, կանչում ու խնդում
Ու վերապրում եմ իմ դերը նորից:
Մի՛ կշտամբեք ինձ, թե չեք հասկանում դուք իմ հոգին խոր.
Ուրի՛շ ցեղից եմ...
Այսպես իր երգերով աշխարհի հետ խոսեց մոլորակի վրա երբևէ ապրած հանճարեղ արվեստագետներից մեկը` Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը` նույն ինքը Շառլ Ազնավուրը. Մարդ, ում արմատները Հայկական լեռնաշխարհում էին, իսկ հայացքը` ուղղված Տիեզերքին։ Եվ նրա արվեստը համամարդկային էր...
1924 թվականի մայիսի 22-ին աշխարհ եկավ Շառլ Ազնավուրը։ Ծնվեց հայ գաղթականների` Վաղինակ և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նա հասավ համաշխարհային փառքի, բայց իր ճանապարհին միշտ խոնարհվեց իր ազգային արմատներին... նաև սա' էր Շառլ Ազնավուրի մեծությունը...
Հնարավո՞ր է արդյոք թատրոնի բեմում ընդամենը մեկ ու կես ժամում հանդիսատեսին պատմել աշխարհում երբևէ ապրած մեծագույն արվեստագետներից մեկի մասին։Ու պատմել այնպես, որ նրա կերպարն ու հետագիծը ոչ միայն նոր մեկնություն ստանա, այլև հառնեն նրա դրամատիզմով լի ու միաժամանակ լույսով ողողված կյանքի ամենաուշագրավ դրվագները...Հնարավոր է, երբ բեմում է ևս մի հանճարեղ արվեստագետ, ով աշխարհին Հայի մասին պատմում է ջազի լեզվով։ Ջազմեն Գարի Քյոսայանի , ինչպես իրեն են անվանում <<ջազի ազնվականի>> երաժշտությունը օտար ժողովուրդների համար համար Հոգու ճանապարհներից մեկն է` հաղորդակցվելու հայ մշակույթի ու նրա ակունքների հետ։Եվ օտար հանդիսատեսը նրա ստեղծագործություններում ու կատարումներում տեսնում է Մաշտոցին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին...Իսկ երբ նույն բեմում <<հանդիպում>> են Գարի Քյոսայանի երաժշտությունը և Մեծ շանսոնյեի ժառանգությունը, ծնվում է իսկական հրաշքը` մի երաժշտական շքեղ ներկայացում, որը իրավունք ունի այսուհետ ևս լինելու հայ թատրոնի բեմերում։
... Նոյեմբերի 12֊ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում գեղեցիկ ու ազնավուրաշունչ երաժշտական ներկայացում էր` նվիրված Շառլ Ազնավուրին, որի գաղափարը, սցենարն ու բեմականացումը պատկանում է Ալլա Սահակյանին և կյանքի է կոչվել նրա բծախնդիր աշխատանքի ու նվիրումի շնորհիվ։ Իսկ Մաեստրո Գարի Քյոսայանի և Ջազ քառյակի շնորհիվ ներկայացումը ստանում էր ազնավուրյան շունչ ու ոգի` ջազային յուրօրինակ իմպրովիզացիաներով ու երաժշտական պատկերներով...
Սա սովորական ներկայացումներից չէր...Բոլոր դրվագներն այնքա՜ ն ներդաշնակորեն էին իրար միաձուլված, որ հառնում էր մի ինքնակենսագրական մի վեպ, և մեզ հետ խոսում էր ինքը Շառլ Ազնավուրը։ Եվ ամբողջ բեմադրությունը հենված էր երեք հրաշալի արտիստների Ալլա Սահակյանի, Նարեկ Բաղդասարյանի, Ստեփան Ղամբարյանի ուսերին։
Ստեփան Ղամբարյանն ու Նարեկ Բաղդասարյանը իրենց յուրօրինակ արտիստիզմով մարմնավորում էին Շառլ Ազնավուրին` կյանքի տարբեր շրջաններում ու դրվագներում։ Միայն ուշադիր հանդիսատեսը կարող էր զգալ, թե արտիստներն իրենց փայլուն խաղով ինչ սահուն անցումներով էին լրացնում միմյանց ու դառնում մի ամբողջություն։
Շառլ Ազնավուրի կյանքում բացառիկ դիպված է եղել հռչակավոր Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը, որը եղավ ճակատագրական...Եվ աշխարհում ինչ ֆիլմ էլ նկարահանվել է Էդիտ Պիաֆի մասին, յուրաքանրյուր դերասանուհու համար նրան մարմնավորելը եղել է չափազանց պատասխանատու։ Դերաասանուհի Ալլա Սահակյանին լիարժեքորեն հաջողվել էր կերտել հռչակավոր երգչուհու էքսցենտրիկ կերպարը։ Եվ որքան մեծ ճկունություն պիտի դրսևորի դերասանուհին բեմում, որ կարողանա սահուն անցումներով մարմնավորել նաև Շառլ Ազնավուրի քրոջ և նրա կանանց կերպարները ևս` մեկը մյուսից կերպարային ու համոզիչ։
Երաժշտական ներկայացման յուրաքանչյուր դրվագ հարստանում ու ամբողջանում էր Մաեստրո Գարի Քյոսայանի ու Ջազ Քառյակի անզուգական կատարումներով ու Շառլ Ազնավուրի արվեստի ու կերպարի յուրահատուկ մեկնություններով։ Դաշնամուրի մոտ էր Մաեստրոն` Գարի Քյոսայանը,
Բաս ` Սիմոն Դոլմաջյան,
Կլառնետ` Կոնստանտին Աբգարյան,
Հարվածային` Գևորգ Հարությունյան։
...<<Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս… >>, -ասում էր Մեծ շանսոնյեն։ Նրան կյանքում ուժ տվողը հենց իր` Արևմտյան Հայաստանից ծնունդ առած հայկական ընտանիքն էր` իր ակունքները...
Գեղեցիկ ու խորիմաստ էր կառուցված նաև երաժշտական ներկայացման ֆինալը։ Կյանքում ամենածանր իրավիճակները հաղթահարած Մեծ Հայը, ում անունը հետո պիտի դառնար Հայի հոմանիշը ոչ միայն Ֆրանսիայում, մեծագույն տառապանքի գնով հասավ իր Օլիպիական բարձունքին, ինչի մասին Ազնավուրն ինքը պատմել է բազում հարցազրույցներում, հետո նաև` իր գրքում։
<<... Ես կանգնած եմ, չիմանալով ինչ անել։Մինչ փառքի թեւերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա , իսկ իմ սիրտը հալչում է հուզմունքից։
Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ անշարժ, շվարած արցունքներն աչքերիս։
Այո'։Այդ երեկո մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը... >>։
Սրանք մեջբերում են Մեծ Շանսոնյեի հուշերից։ Եվ այս դրվագը դարձավ մի յուրահատուկ, հրաշալի կուլմինացիա` արտիստների հրաշալի խաղով։Իսկ դահլիճը դեռ երկար հոտնկայս ծափահարում էր...
Հասմիկ Պողոսյան