Ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա: Դատական գործն ավարտվել է ի օգուտ Նուրուդինովի:

 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: «Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանալու:

 

Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Դեկտեմբերի 20-ից ուզբեկ ծանրորդը դուրս է գալիս որակազրկումից, արդեն կարող է մասնակցել միջազգային մրցաշարերին: Պաշտոնապես արդեն հայտարարված է միջազգային ֆեդերացիայի կայքում, ուզբեկական լրատվամիջոցներում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։

 

Ավելի ուշ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։ Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 417 (190+227) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովը առաջին տեղը գրավել էր 431 (194+237) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովը զրկվել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չորրորդ արդյունքից, դարձյալ դրական դոպինգ թեստի հետեւանքով։ 

682