Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

X սոցիալական ցանցում տարածվում է տեսանյութ, որտեղ մի աղջիկ կոտրված հայերենով մանկապղծության մեղադրանք է ներկայացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքների օգնությամբ պարզել է, որ տվյալ օգտահաշվի միջոցով տարածվող տեսանյութը կեղծ է՝ deepfake, պատրաստվել է արհեստական բանականության միջոցով, իսկ դրանում հնչեցված մեղադրանքը՝ անհիմն։ Ավելին, կեղծիք է նաև այդ տեսանյութն ուղեկցող շարադրանքը այն մասին, թե իբր Փաշինյանը վիրավորել է Իլոն Մասկին։ Փաշինյանը երբևէ Իլոն Մասկի վերաբերյալ նման գնահատական կամ որակում չի հնչեցրել, ինչպես նշվում է տեսանյութն ուղեկցող տեքստում։

Այսպես, FIP.am-ը պարզել է, որ տեսանյութում աղջկա կոտրված հայերենով խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով։ Ապրիլի 23-ին տարածված տեսանյութը 1 մլն-ից ավելի դիտում ունի։

Deepfake Total-ը deepfake-ի միջին գնահատականը սահմանել է 100.0%: Սա նշանակում է, որ տեսանյութի աուդիո հատվածի deepfake հավանականությունը կազմում է 100%, այսինքն ձայնը լիովին կեղծ է: Զրոյին մոտ թվերը վկայում են իսկական, ոչ կեղծ մարդկային խոսքի մասին, մինչդեռ 100%-ին մոտ թվերը ցույց են տալիս, որ ձայնը կեղծ է: 

Անզեն աչքով էլ հնարավոր է տեսնել, որ տեսանյութի հերոսուհու հայացքը, աչքերի շարժը, դեմքի միմիկան անբնական են։ Բացի այդ, լույսի արտացոլումը դեմքին չի համապատասխանում հետնապատկերին:

Բացի այդ, X-ում տվյալ օգտահաշիվը տարածում է մարտական ​​տեսանյութեր և վիրուսային տեսահոլովակներ: Նման հաշիվները հաճախ հրապարակում են չստուգված բովանդակություն՝ զվարճանքի նպատակով։

Նույն ցանցում եղել են նաև կոչեր` տվյալ օգտահաշիվը արգելափակելու մասին:

Այսպիսով, տարածված տեսանյութը, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են մանկապղծության համար, կեղծ է՝ deepfake, և ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ 

 

657