
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ 2024 թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճել է 4.4%-ով, իսկ դոլարով՝ 5.8%-ով։
Նախարարի խոսքով՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի արդյունքներով նվազել է 0.1 տոկոսային կետով, իսկ պարտքի դոլարային համարժեքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար։ Վահե Հովհաննիսյանը շեշտել է, որ պարտքի ներգրավումը և դրա ծավալները համահունչ են պետական բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ նախատեսված չափանիշներին, որոնք ընդգծում են ինչպես պարտքի ներգրավման ծավալները, այնպես էլ դրանց աղբյուրները։
Նա նշել է նաև, որ վերջին տարիներին նկատվում է աճ ներքին պարտքի մասնաբաժնի մեջ՝ թե՛ ներգրավման արժույթի տեսակետից, թե՛ ռեզիդենտության։ Այս պահին ներքին և արտաքին պարտքի հարաբերակցությունը հասել է 50/50 մակարդակի, ինչը, ըստ նախարարի, բավականին դրական միտում է։ Եթե նախկինում ներքին պարտքի մասնաբաժինը համարժեք էր այլ նմանատիպ երկրների՝ 20-30%-ի սահմաններում, ապա այժմ Հայաստանն այդ ցուցանիշը զգալիորեն բարձրացրել է։ Սա, ըստ նրա, օգնում է որոշ չափով նվազեցնել արտարժույթային ռիսկերն ու կայունացնել ֆինանսական համակարգը։