
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել են Երևանի ավագանու անդամներ և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինին:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Մարսելի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: