Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2025 թ. մայիսի 26-27-ին Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։

«Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»։

Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝

  • գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ,
  • խաղաղության և անվտանգության դիլեմաներ,
  • ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները,
  • հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ,
  • արհեստական բանականության քաղաքականություն,
  • կանաչ զարգացում։

Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտականհիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։

Օրակարգը և հավելյալ տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքէջում. yerevandialogue.com»,- նշված է գրառման մեջ։

232