Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկարներ գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերել, թվագրվում են ապրիլի 26-ով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշեց, որ վերջին հասանելի լուսանկարները տվյալ տարածքից արվել են ապրիլի 26-ին, ինչը չի համապատասխանում երեխայի անհետացման ամսաթվին՝ մայիսի 4-ին։

«Դեռևս նախորդ շաբաթ՝ մոտ յոթ-ութ օր առաջ, երբ հանրային տիրույթում սկսեցին շրջանառվել նմանատիպ խոսակցություններ, ես անձամբ քննարկեցի հարցը համապատասխան մասնագետների հետ։ Նպատակը նախ և առաջ պարզելն էր՝ արդյոք առկա տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերական լուսանկարների միջոցով հնարավոր կլինի հստակեցում կատարել՝ ինչ է տեղի ունեցել տվյալ օրը։ Եթե այդ լուսանկարները հասանելի լինեին, մտադրություն կար դրանք փոխանցել ՆԳ նախարարության մեր գործընկերներին։

Մասնագետների շրջանում տարբեր կարծիքներ կային։ Ոմանք վստահ էին, որ նույնիսկ բարձր՝ 30 սանտիմետր լուծաչափով տիեզերական լուսանկարների դեպքում հնարավոր է մանկահասակ երեխայի նույնականացում իրականացնել, մինչդեռ մյուսները կարծում էին, որ դա տեխնիկապես հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք, որ անկախ արդյունքից՝ պարտավոր ենք ստուգել, թե արդյոք այդ օրերին տվյալ տարածքից առկա են որևէ ընկերության կողմից ստացված  լուսանկարներ։ Եվ, եթե կան, դրանք պետք է փոխանցենք գործընկերներին։

Վերջին յոթ-ութ օրերի ընթացքում ինտենսիվ աշխատել ենք մոտ երկու տասնյակ առաջատար միջազգային ընկերությունների հետ, այդ թվում՝ նրանց հետ, որոնց հետ նախկինում նույնիսկ որևէ համագործակցություն չենք ունեցել։ Սակայն այս պահի դրությամբ, ցավով պետք է նշեմ, որ վերջին լուսանկարը, որի գոյության մասին մեզ հայտնել են, արվել է ապրիլի 26-ին։ Դա այն ամսաթիվը չէ, որը համապատասխանում է երեխայի անհետացման օրվան»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով՝ լուռ և զուսպ՝ հուսադրող անճշտություններ հանրային դաշտ չներկայացնելու սկզբունքով։

Հայրապետյանը վստահեցրեց, որ արվում է առավելագույնը, և նոր տվյալներ ստանալու դեպքում դրանք անմիջապես փոխանցվելու են Ներքին գործերի նախարարությանը։

«Լավատեսությամբ սպասում ենք, սակայն ուզում եմ կրկնել, որ տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին»,- եզրափակեց Հայրապետյանը։

Մայիսի 4-ին ժամը 11:52-ին ՆԳ նախարարությունում ահազանգ էր ստացվել Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու մասին: Նույն պահից մեկնարկել են որոնողական աշխատանքները, սակայն մինչ օրս որևէ արդյունք չի գրանցվել:

Ոստիկանության ծառայողներն ու փրկարարները ստուգել ու շարունակում են ստուգել առաջ քաշված բոլոր վարկածները:

Մայիսի 6-ին երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

536