Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը տնօրինելու լիազորությունը, վերը նշված ընկերությանը պատկանող բանկային հաշվից տարբեր պատրվակներով 324 գործարքների միջոցով իր բանկային հաշիվներին ընդհանուր փոխանցել է 105.454.532 ՀՀ դրամ՝ նման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը հանձնված գումարը: Բացի այդ, հաշվապահը 2023 թվականի ընթացքում նույն ընկերության աշխատակցին պատկանող հաշվեհամարին է փոխանցել 1.406.729 ՀՀ դրամ՝ հափշտակելով նաև այդ գումարը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ անձը, 2023 թվականի ընթացքում աշխատելով որպես մեկ այլ ընկերության գլխավոր հաշվապահ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, նույն ժամանակահատվածում նշված ընկերության բանկային հաշվից իրեն պատկանող հաշվեհամարին փոխանցելու եղանակով հափշտակել է իր տնօրինմանը փաստացի հանձնված 5.608.100 ՀՀ դրամը:

Ընդհանուր առմամբ՝ գլխավոր հաշվապահը վերը նշված եղանակներով երկու ընկերություններին պատկանող ֆինանսական միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 112 մլն ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

279