Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով՝ այս պահի դրությամբ ԱՊՀ մասնակից պետություններում հետախուզումներն ամբողջությամբ իրականացվում են թղթային եղանակով: Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթերը մյուս կողմին կփոխանցվեն նաև էլեկտրոնային եղանակով:

Նշվել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայում:

Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նախաձեռնությունը, հորդորել է կողմ քվեարկել:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Հեղինակի առաջարկով հետաձգվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

114