
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 3-ին Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում տեղի է ունեցել երեք ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ամբուլատորիաների պաշտոնական բացումը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Բացման պաշտոնական արարողություններին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Մասիս և Վեդի համայնքների ղեկավարներ Դավիթ Համբարձումյանը և Գարիկ Սարգսյանը։
Ծրագիրը միտված է բարելավել այն համայնքների բժշկական ենթակառուցվածքները, որոնք հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Ամբողջովին վերանորոգված և կահավորված նորաբաց ամբուլատորիաները հագեցած են նաև արևային էներգիայի համակարգերով և լիովին հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ապահովելով անվտանգ, ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայուն բժշկական միջավայր։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական իր խոսքում ընդգծեց. «Մեր համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերի բնակիչների բարեկեցությունը՝ առաջնային ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու միջոցով։ Այս ջանքերի շրջանակում մենք հույս ունենք, որ նորոգված ամբուլատորիաները կծառայեն ամբողջ համայնքին՝ ապահովելով ավելի որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ»։ Ամփոփելով իր խոսքը՝ դեսպան Աոկին փախստական ընտանիքներին և ընդունող համայնքներին մաղթեց շարունակական ուժ, փոխըմբռնում և համերաշխություն։
«Այս նախաձեռնությունը ոչ միայն արձագանք է առկա հումանիտար մարտահրավերներին, այլև ներդրում երկարաժամկետ կայուն զարգացման համար։ Այս հնարավորությունը մեզ ընձեռվել է Ճապոնիայի կառավարության կարևոր և հետևողական աջակցության շնորհիվ, որի համար խորին երախտագիտություն ենք հայտնում մեր գործընկերներին։ Այնթապի, Ռանչպարի և Տափերականի ամբուլատորիաները վառ օրինակ են, թե ինչպես է գործընկերությունը ձևավորում ավելի կայուն համայնքներ», — իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շնորհավորել է գործընկերներին, բուժաշխատողներին և բնակիչներին ամբուլատորիաների հանդիսավոր բացման կապակցությամբ: «Առողջապահության նախարարությունը կարևորում է այս գործընթացը, քանզի մեր բնակիչների բժշկական օգնությունն և սպասարկումն այսուհետ կիրականացվեն առավել հարմարավետ և բարենպաստ պայմաններում: Առողջության առաջնային օղակը Կառավարության և առողջապահության նախարարության բարեփոխումների առաջնահերթության մեջ է մտնում, և Կառավարության ծրագրի շրջանակներում շուրջ 5 տասնյակ գյուղական ամբուլատորիաներ և 8 մարզային պոլիկլինիկաներ վերակառուցման և նոր գույքով վերազինման պլանի մեջ են»,- ասաց պրն․ Ջումայանը։ Նա նաև նշեց, որ բարեփոխումների ընթացքի մեջ է ԱԱՊ օղակի նոր կառավարման մոդելը , միաժամանակ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար սահմանվել են նոր գործառույթներ, այդ նպատակով կիրականցվեն նաև համապատասխան կրթական ծրագրեր:
Երեք ամբուլատորիաները միասին սպասարկում են ավելի քան 14.800 քաղաքացու, որոնցից մոտ 700-ը փախստականներ են, իսկ շուրջ 880-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Նորաբաց կենտրոնները բարելավում են առողջապահական ծառայությունների հասանելիությունը և որակը՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։
Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է վերանորոգել ևս 7 ամբուլատորիա Հայաստանի տարբեր մարզերում։
Բացման արարողության շրջանակում դեսպան Աոկի Յուտական և Նաթիա Նացվլիշվիլին Ռանչպարի ամբուլատորիայի բակում համատեղ տնկեցին սակուրայի ծառ՝ որպես բարեկամության և համագործակցության խորհրդանիշ։