Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը:

Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում-հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո առցանց համակարգում ներկայացնեն դիմում-հայտ: Առցանց համակարգում դիմումին կից անհրաժեշտ է ներբեռնել նաև փաստաթղթերը PDF ֆորմատով: Ըստ հիմնավորման՝ դիմում-հայտերի ընդունումն էլեկտրոնային եղանակով կազմակերպելն առավել կհեշտացնի դիմորդների ընդունելության գործընթացը:

Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը, հաշվառումը և ընդունելությունը կիրականացվեն ներքոնշյալ փուլերով:

  • Նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը՝ փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից:
  • Ուսումնական հաստատությունը փաստաթղթերը ստանալուց կամ նախարարության կողմից դիմում-հայտը հաստատելուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն:
  • Դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս՝ չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը, ապա անցկացվում է մրցույթ: Առաջնահերթությունը որոշվում է ըստ հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների:

Մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար անցկացվում է գիտելիքների և կարողությունների ստուգում:

Դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգման և ընդունելության ժամկետները և պայմանները սահմանվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է նրան հրամանագրել:

Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարելու պահանջը:

Նախագծով նաև սահմանվում է՝ օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր և կացության կարգավիճակ տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ իրավասու պետական կառույցներին (ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն) միջնորդություն ներկայացնելու նպատակով: Ուսումնական հաստատությունը ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու միջնորդության նպատակով ԿԳՄՍՆ է դիմում օտարերկրյա քաղաքացիների հրամանագրումից հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ ուսումնական հաստատությունից ազատվելու կամ հեռացվելու դեպքում ժամանակավոր կացության կարգավիճակից զրկելու նպատակով՝ երկշաբաթյա ժամկետում:

Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև հունիսի 20-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

265