Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հատկապես մեծ քաղաքներում ունենք կոյուղու լուրջ խնդիր: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Այս տարիների ընթացքում մենք՝ պետությունը և «Վեոլիա ջուր» ընկերությունը, բավականին շոշափելի արդյունքների ենք հասել ջրամատակարարման և նոր ծավալների ավելացման հետ կապված, բայց կոյուղու հարցով դեռ ունենք լրջագույն խնդիրներ, որտեղ պետք է ավելի մասշտաբային, գուցե նաև պետական ծրագրերով հանդես գանք, որպեսզի այդ հիմնախնդիրները կարողանանք լուծել»,- ասաց նա:

Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրեց՝ որոշ դեպքերում կոյուղիները «Վեոլիա ջրի» տիրույթում են, որոշ դեպքերում՝ քաղաքապետարանի, որոշ դեպքերում էլ տվյալ քաղաքացիների և առանձին համատիրությունների տիրույթում են:

«Ունենք բազմաթիվ խնդրահարույց իրավիճակներ, բայց ես չգիտեմ գեթ մեկ դեպք, երբ հարցը հասել է մեզ, և մենք փորձել ենք «Վեոլիա ջրի» միջոցով հարցը կարգավորել, և «Վեոլիա ջուրը» չոր հրաժարվել է այդ ամեն ինչն անելուց՝ անկախ դրանից, թե դա ի՞ր տիրույթում է, թե՞ իր տիրույթում չէ:

Բայց գիտեմ, որ համայնքապետարանները և համայքապետները ևս փորձում են «Վեոլիա ջրի» հետ համատեղ այդ հարցերին լուծում տալ, բայց ինչպես դուք նշեցինք, սրանք մասնավոր և տվյալ պահի լուծումներ են, համակարգային լուծումներ են պետք այս հարցի, և պետք է խոշոր պետական միջոցառումների շրջանակում լուրջ ֆինանսական ներդրումներ անել, որ այդ հարցին կոմպլեքս լուծում տանք, հաշվետու լինենք ձեզ և ժողովրդին, թե այս տարի այդ պրոբլեմի որ մասը լուծեցինք, մյուս տարի՝ որ մասը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետևանքները սրվում են հատկապես ամառային ամիսներին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ այն գույքը, որին տիրապետում է «Վեոլիա ջուրը», իր սեփականություն չէ: Դա պետական գույք է, որը հանձնված է Ջրային կոմիտեին: Վերջինս էլ գույքագրել է իքս քանակի գույք և հանձնել «Վեոլիա ջուր» ընկերությանը:

«Պարզվում է՝ այդ գույքագրման մեջ բազմաթիվ բացթողումներ կան, որոնք չեն մտել այդ ցանկ, և ստացվում է՝ իրավական առումով այդ պահին քաղաքացին ճիշտ է, բայց «Վեոլիա ջուրն» էլ ասում է՝ այդ գույքը ցուցակում չկա… Մի խոսքով՝ նման խառը իրավիճակ ունենք: Բայց խնդիր է, որը պետք է անպայման լուծենք»,- ասաց նա:

141