
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը հունիսի 19-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ այստեղ երկարաժամկետ ապրելու, նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են ոչ միայն նվագախմբի, այլև Հայաստանի Հանրապետության համար, որովհետև նման օրինակներով են շարունակում կյանքի կոչվել այն նախաձեռնությունները, որոնք ունեն գաղափար, արժեք։
Նազարյանը կարծում է՝ առաջիկա հինգ տարում ականատես կլինենք արդյունքին. նվագախմբի կատարողական մակարդակն էլ ավելի կբարձրանա։ «Այն երաժիշտները, որոնք կհամալրեն նվագախումբը, իրենց փորձն ու հմտությունը կփոխանցեն տաղանդավոր աշակերտներին, որոնք հետագայում էլ կհամալրեն ոչ միայն Ֆիլհարմոնիկ, այլև այլ նվագախմբերի շարքերը՝ ավելի հանրահռչակելով դասական արվեստը»,-եզրափակեց նա։
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և նվագախմբի որդեգրած քաղաքականությունն է եղել ինչքան հնարավոր է լավ նվագել։ «Մեր ժամանակներում, երբ ինքդ քեզ կարող ես սոցցանցերում գնահատական տալ, բարդ է։ Դասական երաժշտության պարագայում կան կատարողական նրբություններ, որոնք ոչ բոլորն են հասկանում, այնինչ դրանք շատ կարևոր են։ Երկու կատարում կարող են մեծապես տարբերվել նրբությունների շնորհիվ»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում երաժշտական կրթության ակունքներին՝ դիրիժորը նշեց, որ մինչև 2005 թվականը Հայաստանում եղել է շատ ուժեղ լարային դպրոց, ինչի շնորհիվ նվագախմբերի լարային կազմերը չեն թերացել, իսկ փողային դպրոց երբեք չի եղել։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը կամաց-կամաց փորձել է այն ստեղծել, քանի որ ցանկացել է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ նույն ճանապարհով քայլել։
«Երբ ես նոր էի միացել նվագախմբին, փողային գործիքների վիճակը դժվար էր։ Տարիների ընթացքում մեծ դժվարություններով գալարափող, շեփոր և այլ երաժշտական գործիքներ նվագող երաժիշտների հրավիրեցինք Հայաստան։ Այդպես կարողացել ենք շատ բան փոխել, իսկ հիմա շատ ունենք պիկոլո ֆլեյտա, ֆագոտ, գալարափող, շեփոր և տրոմբոն նվագաղ երաժիշտների կարիք»,-ընդգծեց Թոփչյանը։
Դիրիժորի համոզմամբ՝ եթե հնարավոր լինի բարձրակարգ երաժիշտների հրավիրել, նվագախմբի որակը մի քանի աստիճան կբարձրանա, բացի այդ՝ երաժիշտները կդասավանդեն երիտասարդ երաժիշտներին։ Թոփչյանի խոսքով՝ լավ է, որ այժմ ունենք լավ նվագախումբ, սակայն պետք է մտածել ապագայի մասին, իսկ տասը կամ 15 տարի հետո նվագախումբը վտանգված է, և նվագախմբի ու հիմնադրամի համագործակցությունը փրկության ձեռք է՝ ուղղված ապագային։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն էլ շեշտեց՝ իրենք ցանկանում են Հայաստանում միջավայր փոխել։ «Տաղանդների ֆոնդ» նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի առաջնային ծրագիրն է, որի հիմնական նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն և տարածքային զարգացում, բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավել Հայաստանի զարգացման գործում: «Ռազմավարական հինգ ուղղություններից արվեստը, մշակույթը շատ կարևոր են, և այս պահին ծանրակշիռ ծրագրերն այդ ոլորտներում ենք իրականացնում, և մեզ համար պատիվ, պատասխանատվություն է մեկ դար և ավելի պատմություն ունեցող, մեր երկիրն աշխարհում հանրահռչակող կառույցների հետ աշխատելը»,-ասաց նա և հույս հայտնեց, որ տարիներ անց կքաղեն համագործակցության պտուղները։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նա շնորհավորեց կողմերին հիանալի համագործակցությանը սկիզբ դնելու առթիվ։ «Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված ու բեղմնավոր քայլ է։ Այստեղ խորքային խնդիրներ լուծելու կամք ու ցանկություն կա, մարդկային կապիտալի զարգացման, ամրապնդման գործընթաց, որի տեսլականը և՛ պետությունը, և՛ «Կերոն» հիմնադրամը կիսում են։ Ուրախ ենք, որ համագործակցության սկիզբը դրվում է նվագախմբի 100-ամյակի շրջանակում։ Ցանկանում ենք՝ նվագախմբի հաջորդ 100-ամյակը էլ ավելի բարձրորակ, ամուր, դիմակայուն լինի»,-մաղթեց փոխնախարարը։
Հայաստան հրավիրելով արհեստավարժ մասնագետների՝ հիմնադրամը նպատակ ունի ձևավորել մասնագետների համայնք, ովքեր ընտրում են Հայաստանը որպես ապրելու, աշխատելու և ստեղծագործելու վայր:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2013 թվականից սկսած բարձր մասնագիտական որակներ ունեցող շուրջ 29 երաժիշտի է հրավիրել նվագախմբի կազմում երակարաժամկետ, ինչպես նաև առանձին ծրագրերով հանդես գալու նպատակով: Վերջիններս հիմնականում փայտյա և պղնձափողային գործիքներ նվագող երաժիշտներ են եղել, որոնք իրենց աշխատանքով ոչ միայն նպաստել են նվագախմբի կատարողական որակի բարձրացմանը, այլ նաև դասավանդելով, կրթել են մասնագետների սերունդ, որոնցից շատերն արդեն հանդես են գալիս Հայաստանի մի շարք նվագախմբերում: