
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանին, լողորդներ Գոռ Խեչումյանին, Անահիտ Մուրադյանին, Մարգարիտա Գևորգյանին, Ազատ Բաբուջյանին, սամբիստներ Արշակ Բեկչյանին, Գոռ Շատվերյանին, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Մարի Ղազարյանին և Համլետ Կարենյանին, մարմնամարզիկներ Օֆելյա Քոչարյանին, Ժաննա Թևոսյանին և Շեքսպիր Գևորգյանին, բռնցքամարտիկներ Դավիթ Եգորյանին և Հարություն Հակոբկոխյանին:
Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ծանրորդներ Ջուլիետա Ավանեսյանին, Ժորա Գրիգորյանին, Մերուժան Եղոյանին, ազատ ոճի ըմբիշ Լևիկ Միքայելյանին, սամբիստներ Մհեր Օհանյանին և Արթուր Մալխասյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Դիմելով սպորտի վարպետի կոչում ստացած մարզիկներին՝ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սա առաջին քայլն է, և նրանք պետք է շարունակեն ջանասիրաբար աշխատել ու ձգտել հաղթանակների:
«Վստահ եմ՝ ոչինչ չեք խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ձեր այսօրվա ձեռքբերումը, վստահաբար, երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Համոզված եմ՝ ձեր նպատակասլացության և ջանքերի արդյունքում հասնելու եք ձեր բաղձալի նպատակներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով նաև մարզիչներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար:
Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: