Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու:

Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ:

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարալիկ՝ նախկին կնոջ հայրական տուն էր այցելել Նորակերտ գյուղի 33-ամյա մի բնակիչ։

Նրա և աներոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում իր ավտոմեքենայից վերցնելով դանակը փեսան հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո` նաև վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում։

Փաստի առթիվ Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն առավոտյան` ժամը 6:30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել ու ներկայացվել քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

156