
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։
2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով թափանցիկ դարձնել թույլտվությունների տրամադրման գործընթացը, նվազագույնի հասցնել քաղաքացիների և կազմակերպությունների շփումը պետական, համայնքային կառույցների հետ, ապահովել քաղաքացու դիմումի հետագծելիությունը, իսկ տարբեր համակարգերի ինտեգրման շնորհիվ կրճատել գործընթացի համար ծախսվող ժամանակը։
Հարթակը մշակվել է ոլորտը կարգավորող առանցքային՝ ՀՀ կառավարության 2015թ. մարտ 19-ի 596-Ն որոշման տառին և ոգուն համապատասխան։ Ուստի, համակարգը կիրառելիս խոչընդոտների չհանդիպելու համար գործընթացում ներգրավված պետական, համայնքային կամ հանրային ծառայություններ մատուցող և մասնավոր բոլոր կազմակերպությունները պետք է առաջնորդվեն որոշման պահանջներով։
Հարկ է նշել, որ 2024թ. օգոստոսի 1-ից հարթակը պիլոտային գործարկվել է ՀՀ 4 մարզերում։ Թղթայինից թվայինի սահուն անցումը նախապատրաստելու համար Քաղաքաշինության կոմիտեն սերտորեն համագործակցել է պետական, համայնքային կառույցների, մասնավոր կազմակերպությունների հետ, կազմակերպել դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ։ Բոլորի առաջարկները, բարձրացված հարցերը հաշվի են առնվել՝ համակարգը կատարելագործելու նպատակով։ Այսօր էլ վերհանվող խնդիրներն օպերատիվ արձագանք են ստանում։
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործընկերների հետ քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են էլ ավելի հեշտացնել հարթակից օգտվողների ամենօրյա աշխատանքը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե