Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Իրանի դեսպանությունը հրապարակել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված կոմյունիկեի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության վերապահման տեքստը։ 

Իրանի ԱԳՆ-ի ներկայացրած վերապահման տեքստից ակնհայտ է դառնում, որ նշված կոմյունիկեն ընդունելու վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների միջև նախնական համաձայնություն չի եղել։ 

Վերապահման մեջ նշվում է, որ կոմյունիկեն, որը ներկայացվել է որպես գագաթնաժողովի նախագահի (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) ամփոփագիր, չի արտացոլում կողմերի արտահայտած դիրքորոշումները՝ չնայած այն ներկայացվում է որպես համաձայնեցված և բանակցված տեքստ։ Իրանը նաև ընդգծում է, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ անդամ երկրների միջև պայմանավորվածություն չի եղել, որ գագաթնաժողովի արդյունքներով եզրափակիչ հռչակագրի փոխարեն պետք է գագաթնաժողովի նախագահի ամփոփագիր հրապարակվի։ 

Իրանը հավելել է, որ կոմյունիկեի առաջին հատվածում ոչ ամբողջական և ընտրողական հղում է արվել Ստամբուլում կայացած Իսլամական պետությունների համագործակցության նախարարական համաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին, ինչն անընդունելի է և չի արտահայտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բոլոր մասնակիցների դիրքորոշումը։ 

Իր վերապահման մեջ իրանական կողմը ցավալի է համարում, որ կոմյունիկեում Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի վերաբերյալ ձևակերպումներն ամբողջությամբ չեն արտահայտում իրականությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև չի դատապարտվում Իսրայելի կողմից  միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը։ 

Իրանի ԱԳ նախարարության ներկայացրած վերապահումների տեքստը հրապարակվել է նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության կայքում՝ կցվելով կոմյունիկեին։ 

 

 

111