Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում պետական պարգևների հանձման հանդիսավոր արարողությամբ և բուհի պատմությունը ներկայացնող գրքի շնորհանդեսով ամփոփվել են համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, բուհի այս տարվա շրջանավարտները:

Շնորհավորելով Շիրակի պետական համալսարանի 90-ամյակը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հոբելյանը, պատմությունն ու ավանդույթներն առաջին հերթին պատասխանատվություն են. «Կարևոր է արժանի լինել պատասխանատու աշխատանքը, պատմությունն ու ավանդույթները շարունակելուն:

Միաժամանակ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտն անընդհատ պահանջում է նորացում, թարմացում և զարգացում՝ հետևելով տարբեր բնագավառների նորարար միտումներին և նպաստելով բուհի գործունեության բարելավմանը: Կարևոր է բարձրագույն ուսումնական հաստատությունների ակտիվ գործունեությունը, նոր ծրագրերում ընդգրկվելու նախաձեռնողականությունը, որն առաջին հերթին ուսանողներին տրամադրվող կրթության և որակի վկայություն է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բուհական կրթության կազմակերպման առումով շատ կարևոր է հետազոտությունների իրականացումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ցանկացած բուհի, այդ թվում նաև Շիրակի պետական համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է վստահ լինի, որ իր ստացած գիտելիքն ու հմտությունը բավարար են տնտեսության մեջ, հանրային կյանքում, աշխատաշուկայում մրցունակ լինելու և արժանի տեղ գտնելու համար:

«Պետք է կարողանալ իրացվել որպես լիարժեք քաղաքացի, որպես երջանիկ անհատ՝ սեփական գործունեությամբ նաև նպաստելով պետության զարգացմանը։ Սա է մեր կարևորագույն առաքելությունը. վստահ եմ, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսները և ուսանողները ևս ամեն օր լսարան են մտնում մրցունակ և որակյալ կրթություն ապահովելու գիտակցումով և ձգտումով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լինել բոլոր լավ նախաձեռնությունների կողքին՝ աջակցելով բուհերի զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա անդրադարձել է նաև Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծին, որով ոլորտի մրցունակության նոր պայմաններ ու պահանջներ են սահմանվում:

«Վստահ եմ՝ նոր օրենքի ընդունումը զարգացման նոր ճանապարհ է բացելու բուհական համակարգի համար»,- եզրափակել է նախարարը՝ շնորհավորելով միջոցառմանը ներկա ՇՊՀ շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՇՊՀ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պետական պարգևներ է հանձել բուհի վաստակաշատ դասախոսներին:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Վարդան Մանուկյանը և Հրաչիկ Նիկողոսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նույն ամբիոնի դասախոս Սպարտակ Սողոյանն ու Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ պատվոգրով:

Ողջույնի խոսքում ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն ընդգծել է՝ համալսարանը 90-ամյա հոբելյանը նշում է հպարտությամբ և գիտակցումով, որ անցած ճանապարհը պետք է վերարժևորել, փաստագրել և փոխանցել սերունդներին:

«Շնորհված պարգևները մեծ պատիվ են և պատասխանատվություն. դրանք բոլորիս պարտավորեցնում են աշխատել ավելի մեծ նվիրումով»,- ասել է նա:

Ներկաներին ողջունել և բուհի հիմնադրման հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է լինել ՇՊՀ շրջանավարտ:

ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Վարդան Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է պետության կողմից վերջին տարիներին գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորմանը. «Գիտական համայնքի համար տեսանելի և գնահատելի են ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, որոնց շնորհիվ գիտությամբ և հետազոտությամբ զբաղվելը դարձել է ավելի գրավիչ: Մասնավորապես՝ տարեցտարի նկատվում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում, հատկացվում են տարատեսակ դրամաշնորհներ, ինչպես նաև ստեղծվել են միջազգային համագործակցության լայն հեռանկարներ, ինչը շատ կարևոր է»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են համալսարանի անցած 9 տասնամյակների պատմությունը, հիշողությունները, հաղթանակներն ու կարևոր նվաճումները:

 

145