Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց են իրականացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

 

Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։

Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:

 

Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները կատարելու մեթոդաբանությունը, ազատությունից զրկված անձանց ՄԻՊ աշխատակազմ անխոչընդոտ 24/7 ռեժիմով հեռախոսակապի հնարավորությունը, անանուն հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմները և այլ գործիքակազմեր:

Այնուհետև Ռոբերտ Դոբրովոդսկին և ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հերթապահ ծառայության վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր:

 

ՆԳՆ ներկայացուցիչների, ՁՊՎ ղեկավար կազմի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց, Սլովակիայի օմբուդսմանը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, արտաքին աշխարհի հետ կապի, բժշկական ծառայությունների մատուցման և այլ իրավունքների իրացման հնարավորություններին:

 

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է գործընկերների հետ միջազգային համագործակցության ընդլայնումը և գործընկերության խորացումը՝ այդ թվում փոխայցերի կազմակերպման, փորձի փոխանակման և թեմատիկ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

99