Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարի մեկնարկին ընդառաջ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամները, մարզիչներ, մարզասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել սպասվելիք իրադարձության առթիվ: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ֆեդերացիայի գործուն քայլերն ու թիմի գործադրած ջանքերը վերջին շրջանում առավել նկատելի են:

«Մի քանի օրից մարզաշխարհի ուշադրությունն ուղղվելու է վոլեյբոլին և Երևանում կայանալիք Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությանը, որի հերոսները լինելու են մեր մարզիկները: Վստահ եմ՝ մարզիկները լավագույնս պատրաստ են առաջնության մեկնարկին, իսկ վարչական թիմն էլ ողջ ծավալով ու ներուժով օգտակար կլինի Հայաստանի թիմի հաջող մրցելույթներին»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ հաջողություն և հաղթական մրցելույթներ մաղթելով հայ մարզիկներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև միջազգային մրցաշարեր հյուրընկալելու ՀՀ քաղաքականությունը, որը, նրա դիտարկմամբ, նպաստում է աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը:

Հիշեցնենք՝ այս օրերին Երևանում ընթանում է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Տարվա ընթացքում մեր երկիրը հյուրընկալել է նաև տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունն ու կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Կարեն Ասմարյանը ևս շնորհավորել է ներկաներին՝ 2025 թվականին Հայաստանում վոլեյբոլի աննախադեպ միջոցառում անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ ՀՎՖ-ն այս միջոցառմանը պատրաստվել է շուրջ երեք տարի՝ անելով առավելագույնը: Կարեն Ասմարյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին՝ ընդգծելով նրանց անգնահատելի ներդրումը թիմի հաջողություններում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում բոլորն ականատես կլինեն Հայաստանի հավաքականի հաղթանակներին։ Կարեն Ասմարյանը հույս է հայտնել՝ մեծ թվով երկրպագուներ ներկա կգտնվեն առաջնության հանդիպումներին և կաջակցեն Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականին:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն:

Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում «Գազպրոմ» Արմենիայի ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

173