Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝  շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը  ծնված շուրջ 5000 քաղաքացու։

Նշենք, որ 2025 թվականին ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ կյանքի ընթացքում։

Հիշեցնենք, որ հաշվառման նպատակով ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝  

․ անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

․ ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,

․ ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),

․ տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

․ ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն նաև՝

      ․ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

     ․ սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

     ․ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

109