Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիայի Ֆուկուի քաղաքում աշակերտուհու սպանության համար դատապարտված 60-ամյա Շոջի Մաեկավան արդարացվել է կրկնակի դատավարության արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով NHK հեռուստաընկերությունը, նոր դատաքննությունը բացահայտել է մի շարք խախտումներ նախնական քննության ընթացքում, ինչը հիմք է դարձել երկար տարիների ազատազրկման մեջ գտնվող տղամարդու արդարացման համար։

Մաեկավան մեղավոր էր ճանաչվել 1986 թվականին և ավելի քան երեք տասնամյակ անցկացրել բանտում՝ մշտապես պնդելով, որ ինքը անմեղ է։ Վերաքննության ընթացքում դատարանը արձանագրել է վկաների ցուցմունքների անհամապատասխանությունները, որոնք պնդում էին, թե տեսել են նրան արյունոտ հագուստով՝ սպանության գիշերը։ Քննությունը պարզել է նաև, որ նախնական գործի վարույթում հաշվի չեն առնվել մի շարք փաստական հանգամանքներ։

Նախագահող դատավորը ներողություն է խնդրել Մաեկավայից՝ 39 տարվա անարդար տառապանքների համար։ Իր հերթին, Մաեկավան նշել է, որ վերջապես զգում է թեթևություն, քանի որ կարողացել է ապացուցել իր անմեղությունը։

Նշվում է, որ նա դատարան է ժամանել այն գլխարկով, որը նրան նվիրել էր ճապոնացի նախկին մահվան դատապարտված Իվաո Խակամատայի քույրը։ Խակամատան շուրջ 50 տարի անցկացրել էր մահվան դատապարտվածների խցում և արդարացվել էր 2025 թվականին՝ գործի վերանայման արդյունքում։

494