

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մեկնաբանել է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությունը այն մասին, որ առաջիկա 10 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու։
«Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա։ Ինչպե՞ս կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ մենք չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում, էներգետիկ համակարգում կամ տեխնոլոգիաների ոլորտում։ Հնարավոր է՝ 2 տարի անց էներգետիկ ոլորտում տեղի ունենա այնպիսի գյուտ, որ սակագները նվազեն անգամ կիսով չափ»,- նշել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները կարելի է դիտարկել որպես քաղաքականություն, ոչ թե տնտեսական հաշվարկների արդյունք։
«Ես կարող եմ երաշխավորել միայն այն, որ սակագինը ձևավորվելու է բացառապես օբյեկտիվ, իրավաչափ և տնտեսական ցուցանիշների հիման վրա, ելնելով ՀԷՑ-ի գործունեությունից, ծախսերից և եկամտաբերության ընդունելի մակարդակից, համաձայնեցված՝ ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։ Բացի այդ, սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան՝ առանց որևէ մեքենայության, զարտուղի հաշվարկների կամ կոռուպցիոն տարրերի։ Դա իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցելու եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։ Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։ Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: