
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը երկամարտի 273 կգ արդյունքով (121 +152 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 և 121 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում արժանանալով արծաթե մեդալի: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 143, 147 և 152 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդ տեղն է զբաղեցրել:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նատալյա Սարգսյանը ևս դարձել է բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Սարգսյանը բարձրացրել է 77 և 81 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 97 կգ կշռող ծանրաձողը: ԵԱ-ի բրոնզե մեդալին նա արժանացել է երկամարտի 178 կգ արդյունքով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ հաջորդաբար բարձրացնելով 105, 110 և 113 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Առաքելյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 130 ու 133 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտի 246 կգ արդյունքով նա զբացեցրել է 4-րդ հորիզոնականը:
Հուլիսի 26-ին մրցահարթակ են դուրս եկել 65 կգ քաշային պատանիները: Հայաստանի հավաքականի կազմում Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրել է 112 և 116 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահել է 140 կգ-ն: Երկամարտի 256 կգ արդյունքով նա 6-րդ տեղն է զբաղեցրել:
Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում առաջինը մրցապայքարի մեջ են մտել 44 կգ քաշային աղջիկները: Հայաստանի հավաքականի անդամ Քրիստինե Բաբայանը երկամարտի 113 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 47 և 51 կգ, իսկ հրում վարժությունում՝ 57 ու 62 կգ կշռող ծանրաձողերը:
Հուլիսի 29-ին Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա 77 կգ քաշային Մերի Աղալարյանը, հուլիսի 30-ին՝ +77 կգ քաշային Նարե Առաքելյանը, 79 կգ քաշային Կարապետ Կարապետյանը, 88 կգ քաշային Ալեն Զուրաբյանը և Հայկ Հարությունյանը: Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 31-ին, մրցահարթակ դուրս կգան 94 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը և +94 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1225859