Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը մանրամասն ներկայացված է դիմորդի համար նախատեսված ուղեցույցում: Ըստ այդմ՝ նախևառաջ պետք է գրանցվել համակարգում. գրանցման ակտիվացումից հետո հնարավորություն կտրվի կատարել հետագա հաջորդական քայլերը.

  • Մուտք գործել fs.emis.am կայք, սեղմել «Մուտք» կոճակը: Կբացվի պատուհան՝ համակարգ մուտք գործելու կամ գրանցվելու համար։ Սեղմել «Գրանցում» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ, այնուհետև կրկնել արդեն իսկ մուտքագրած գաղտնաբառը (բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման)։
  • Տվյալները մուտքագրելուց հետո էկրանին կհայտնվի հաղորդագրություն՝ «Հաշիվը ակտիվացված է»:
  • Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի նամակ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից. եթե մուտքային նամակներում այն չգտնեք, ստուգեք նաև «Սպամ» բաժինը։
  • Սեղմել «Ակտիվացնել» կոճակը և մուտք գործեք ընդունելության համակարգի կայք։ Էկրանին կերևա հաղորդագրություն այն մասին, որ Ձեր հաշիվն ակտիվացված է, հետևաբար գրանցումն ավարտված է։
  • Օգտահաշիվ մուտք գործելու համար կայքի գլխավոր էջում անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը, այնուհետև նորից «Մուտք» դաշտը՝ մուտքագրելով այն տվյալները, որոնցով գրանցվել եք համակարգում:
  • Օգտահաշվի միջոցով հետագայում կարող եք հայտ ներկայացնել որևէ ուսումնական հաստատություն, հետևել դրա ընթացքին, իրականացնել այդ հայտի հետ կապված մի շարք գործողություններ՝ ըստ անհրաժեշտության փոխելով ընտրված բուհը, մասնագիտությունը, գաղտնաբառը և այլն։
  • Ընդունելության համար նախատեսված տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է մուտքագրել պարտադիր համարվող բոլոր տվյալները, կցել պահանջվող փաստաթղթերը՝ ամեն դաշտից հետո պարտադիր սեղմելով «Պահպանել» կոճակը։ Լրացված հայտը պահպանվում է դիմորդի անձնական էջի «Հայտեր» բաժնում: Դիմորդը կարող է հայտը չեղարկել կամ խմբագրել:

fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:

Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն դիմորդի ուղեցույցում՝

  • Ինչպե՞ս գրանցվել օտարերկրյա դիմորդների ընդունելության համակարգում
  • Ինչպե՞ս կատարել ընտրությունը՝ ըստ մասնագիտության
  • Ինչպե՞ս ընտրել և դիմել բուհ
  • Ինչպես փոխել գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն
  • Ինչպե՞ս վերականգնել գաղտնաբառը
  • Ինչպե՞ս չեղարկել կամ խմբագրել հայտը

Դիմելու ժամկետներ

  • Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2025 թ. օգոստոսի 22-ը ներառյալ,
  • Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ,
  • Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2025 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճենը,
  • սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  • կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  • միասնական քննությունների վկայագիր,
  • 3x4 չափսի 4 լուսանկար,
  • ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  • հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն.

  • սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ. +374 10-599-647)
  • արտաքին կապերի բաժին (հեռ. +374 10-599-646)
  • Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)
  • էլ. փոստ՝ [email protected]
158