
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու և առաքելության մեկնարկի կապակցությամբ:
«Կարող եմ մատնանշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը, այդ թվում՝ առողջապահության ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ համատեղ շատ ծրագրեր են կյանքի կոչվել:
Անդրադառնալով երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համաձայնագրի վերաստորագրմանը՝ նախարարն ուրվագծել է համագործակցության շրջանակները՝ դեղագործական արտադրություն, կրթական ծրագրեր, երկու երկրների բուժանձնակազմի միջև փորձի փոխանակում` տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց` կյանքի կոչելով ուռուցքաբանական, սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման նորարարական նախագծեր:
Դեսպան Սինվեյը կարևորել է առողջապահական համակարգերի դերն ու ղեկավարումը` ժողովրդի առողջ ապրելակերպի համատեքստում և պատրաստակամություն հայտնել հայ-չինական համագործակցությունը նոր մակարդակի հասցնել: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի հետ` դեսպանը ներկայացրել է Չինաստանի ոլորտային խնդիրներն ու բարեփոխումներով անցնող ճանապարհը` բարձր գնահատելով հայաստանյան բուժանձնակազմի գործունեությունը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ, թեև երկրների մասշտաբները տարբեր են, այնուամենայնիվ, մարտահրավերները նույնն են. մշտապես պետք է կարիքների գնահատում իրականացնել և գտնել արդյունավետ լուծումներ: Նախարարն առաջարկել է դիտարկել հայ-չինական բժշկական կենտրոն հիմնելու գաղափարը: