Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում:

Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները ձեռնարկել են հրդեհաշիջման լայնածավալ համակարգված ու արդյունավետ գործողություններ՝ օպերատիվորեն արձագանքելով բոլոր ահազանգերին, որոնց արդյունքում հնարավոր է եղել կարճ ժամանակում մեկուսացնել ու ամբողջությամբ մարել հրդեհները։

Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից տարածքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ոստիկանության պարեկային, էկոպարեկային ծառայությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։

Ելնելով երկրում տիրող բարձր հրդեհավտանգ իրավիճակից՝ Փրկարար ծառայությունը կրկին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին և խուսափել չնախատեսված վայրերում խարույկ վառելուց, հատկապես՝ անտառամերձ վայրերում ու հանգստյան գոտիներում։

Յուրաքանչյուրը կարող է դառնալ բնության պահապանը՝ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելով միջավայրի նկատմամբ։

243