Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Երևանում համաշխարհայիմ աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար ՀՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին։ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. 

«Համաշխարհային մակարդակի մեգաաստղը՝ Ջենիֆեր Լոպեսը, շքեղ համերգ մատուցեց հայ հանդիսատեսին ու շուրջ 15 հազար զբոսաշրջիկների: Այս թեմային չէի ուզում անդրադառնալ, թեպետ անմիջական մասնակցություն եմ ունեցել գաղափարի առաջմղմանը, ու չափազանց վիրավորական էր լսել, կարդալ ամենաանադեկվատ մեկնաբանությունները: Բայց մի բան է, երբ դա գրում են անտեղյակ, համապատասխան կրթություն չունեցող օգտատերերը սոցցանցերում (37 հազար դոլարի սնունդ մի հոգի կուտի՞, այ տրաքվես դու, փողը լափեցիք, բա ինչու՞ արարողակարգով ՋեյԼոյին չեք տանում Ծիծեռնակաբերդ, այ ուրացողներ, և այլն), մեկ այլ բան է, որ դրա մասին խոսում են կրթված մարդիկ, որոնք, կարծես, աշխարհ են «տեսել», վստահ եմ՝ եղել են բազմաթիվ նման միջոցառումների արտասահմաններում, ու նաև գրում/կեղծում են իբր վարկանիշ ունեցող (նախկինում) լրատվամիջոցներ: Մի սարսափելի արշավ պետության ու կառավարության դեմ՝ էլ դավաճան, էլ լափեցիք, էլ արտասահմանցիք տարակուսած են՝ ինչու է կառավարությունը փող տվել այս համերգին, և այլն: Ու սրանք իրանց համեմատում են ԲիԲիՍիի հետ:

Այս խավարամտությունը միշտ է եղել՝

1. Տոնում ենք պետության ստեղծման 30-ամյակը, որը տասնամյակի գլխավոր հոբելյաններից է, թե բա՝ թաղեմ արևներդ, սգացեք, դուք միշտ պետք ա սգաք, մի գնացեք հրապարակ, վեռտալյոտից վրեքներդ թույն են լցնելու: Բայց կեղտոտ բերանները միշտ փակվում է շքեղ ու 30-ամյա պետությանը հարիր միջոցառումից հետո՝ լուսաձայնային աննախադեպ ներկայացմամբ ու նախադեպը չունեցող դռոն-շոուով, որը դեռ շատ երկար կհիշվի:

2. Անում ես մարզական մեծ միջոցառում՝ Ծանրամարտի կամ բռնցքամարտի Եվրոպայի առաջնություններ, թե բա՝ միլիարդները էլի լափեցին, տներ ու ավտոներ առան: Մինչդեռ այդ միջոցառումները թույլ են տալիս մեր դիրքերը հզորացնել միջազգային մարզական կառույցներում, որովհետև խոսքդ սկսում են հարգել ու ընդունել: Այդ միջոցառումների արդյունքում 2024-ին պետք է կազմակերպեինք աշխարհի առաջնություն, բայց մի «պահանջատեր» դրոշ վառող տխմարի պատճառով այդ առաջնությունը կանցկացնենք միայն 2027-ին:

3. Ֆեստիվառ ես անում, Եվրատեսիլ ես անում, թե բա լափեցիք, էդ փողերը բաժանեք կարիքավորների, մեր գործը սուգն է, չժպտաք, չուրախանաք, հաճույքի մասին սկի չմտածեք: Ու սա չհաշված, թե ոնց է մեծանում մեր վարկը այդ շուկայում:

Ու ամենախնդալուն այն է, որ սա անում են ծովի ափին պառկած, Էգեյանի մեղմիկ հովերի ներքո: Ավելի զավեշտալին այն է, որ իրենց կառավարության նախկին անդամներից ոմանք տոմս են առնում ու հայտնվում են ՋեյԼոյի վիպ տրիբունայում:

Բայց հերթական անգամ ԽԱՎԱՐԻ կուսակցությունը պարտվում է լույսին, առաջընթացին ու զարգացմանը: Ու միշտ է պարտվելու: Ու միշտ ենք անելու այսպիսի ծրագրեր: Այս համատեքստում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը կարևոր խթան էր նաև մշակութային զբոսաշրջության զարգացման համար՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն աստղերին։

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, խավարը միշտ է պարտվում: Դուք այլևս արվեստի ու սպորտի մեծ աստղերին տեսնում ու տեսնելու եք ձեր պետության տարածքում, այլ ոչ թե դիտելու եք Եվրոսպորտով, կամ վիզներդ ծռելու եք ու հարցնելու՝ ինչու են աստղերը գնում Բաքու ու Թբիլիսի, բայց մեր երկիր գալիս է «ձեռքերդ վեր»-ը:

Բնականաբար, պլինտուզային «ազատությունները» իրենց ռեպորտաժներում չեն ասի, որ միջոցառումը լիովին համահունչ էր ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներին՝ նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը: Սա ի գիտություն»:

228