
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:
Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝
- արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները,
- արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում,
- արվեստագետի ներդրումը բարձրարժեք երկերի ստեղծման, արվեստի զարգացման, մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության ծավալման գործում,
- արվեստագետի ավանդը երիտասարդ սերնդի ձևավորման գործում,
- արվեստագետի պետական պարգևներն ու պատվավոր կոչումները,
Արվեստագետների ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի միջոցով:
Մրցույթի արդյունքում ընտրվելու է 18 արվեստագետ:
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. օգոստոսի 21-ը ներառյալ: Հայտաձևն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 95-112-292 հեռախոսահամարով (Հռիփսիմե Ալեքյան, ծրագրի գլխավոր համակարգող):
Ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Երևանում և ՀՀ մարզերում նախատեսված հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։
Հանդիպումները կզուգորդվեն շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը կնպաստի աշակերտ-արվեստագետ՝ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումն արվեստի բնագավառներում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։