Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:

 

Ըստ նոր կարգի՝ վարորդները  կարող են՝

 

ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի.

 

արագ ազատել ճանապարհը, և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։

 

Նոր կարգը հնարավորություն է տալիս խուսափել խցանումներից, նպաստել անվտանգության բարձրացմանը և խնայել երթևեկության մասնակիցների ժամանակը:

 

Ավտոապահովագրության բյուրոից հորդորում են վարորդներին նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ օգտվել այս գործառույթից։

 

«Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը, այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։

 

Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար»,- նշված է հաղորդագրությունում։

164