
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում:
Այս առնչությամբ նախարար Միրզոյանը Սեյեդ Աբբաս Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև առաջիկա խորհրդակցությունների և բարձրաստիճան շփումների նախապատրաստման շուրջ: