Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել է, որ այդ քայլը պետք է արդեն վերածվի կոնկրետ գործողությունների։

Նա հավելել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով, և այդ ուղղությամբ ջանքերը կպահպանվեն»,- նշված է Թուրքիայի նախագահի գրասենյակի X-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

328