Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամռանը բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: 

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումը ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև շաքարային դիաբետի առաջացման համար։

 

Ի՞նչ անել ռիսկը նվազեցնելու համար

 

Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել շաքար պարունակող կոմպոտի, գազավորված քաղցր ըմպելիքների, մրգային հյութերի (նույնիսկ 100%), կաթնային քաղցր կոկտեյլների և այլ քաղցր ըմպելիքների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:

 

Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով: Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:

 

Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլինի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ։

 

Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:

 

Ամռանը նախընտրե՛ք ջուրը՝ քաղցր ըմպելիքների փոխարեն. այն կօգնի կանխել ջրազրկումը և պահպանել առողջությունը,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

88