
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ներդրված նոր կարգով տարակարգ է ստացել ավելի քան 500 ուսուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն՝ ընդգծելով, որ տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ են ստանում:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առավել շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան 1-ին և 2-րդ կարգերում»,- ասաց նախարարի տեղակալը:
Նա նշեց, որ տարակարգի հետ կապված շրջանառվում են նաև իրավական նոր կարգավորումները, որոնք առաջիկայում կհաստատվեն: Սվաջյանն ընդգծեց, որ երբեմն տարընկալում էր առաջացնում այն, որ 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում մասնագիտական զարգացմանը վերաբերող դասընթացների մասնակցության վկայական ներկայացնելու պահանջ կար:
«Կոնկրետ առանձնացրել ենք, որ դրանք պետք է լինեն ոչ հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումների ցանկից, որովհետև հերթական ատեստավորման շրջանակում վերապատրաստումները պարտադիր են, իսկ հատկապես 3-րդ և 4-րդ մակարդակներում տարակարգի դիմող ուսուցիչներն այն ուսուցիչներն են, որոնք լրացուցիչ աշխատանք են իրականացնում իրենց մասնագիտական զարգացման ուղղությամբ, հետևաբար, այստեղ իրենց լրացուցիչ աշխատանքի մասին վկայող փաստաթղթի անհրաժեշտություն կա»,- ասաց նախարարի տեղակալը:
Սվաջյանը նշեց նաև, որ արդեն ավանդույթ են դարձրել ամսվա և տարվա լավագույն ուսուցիչներին պարգևատրելու արարողակարգը՝ շնորհակալություն հայտնելու նրանց կատարած աշխատանքի համար: