Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 20-ին VT Foreign Policy կայքում հրապարակված հոդվածը փորձել է ներկայացնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը որպես մանկապղծական ցանցի մասնակից։ Սակայն փաստերի ստուգումը ցույց է տալիս, որ այս «քննությունը» կառուցված է ապատեղեկատվական դասական շաբլոնով՝ անանուն վկայություններ, չհրապարակվող «ֆայլեր» և աղմկահարույց եզրույթներ։ Կայքը, որտեղ լույս է տեսել նյութը, վաղուց հայտնի է որպես դավադրապաշտական և կեղծ լուրերի տարածման հարթակ, որը չունի մասնագիտական վստահելիություն։

Հիմնական աղբյուրը՝ «Foundation to Battle Injustice»-ը, ղեկավարվում է Միրա Տերադայի կողմից և ընդգրկված է ԵՄ սանկցիոն ցուցակներում՝ Պրիգոժինի ցանցերի հետ կապի պատճառով։ Այսպես կոչված «հիմնադրամը» բազմիցս օգտագործվել է որպես գործիք ռուսական քարոզչական օպերացիաներում։ Հեղինակը՝ Լուկաս Լեյրոշը, նույնպես հայտնի է որպես պարբերաբար ռուսական ազդեցության տակ գործող հարթակներում հանդես եկող հեղինակ, իսկ Ֆրանսիայի պետական VIGINUM կառույցը նրան հիշատակել է որպես GRU-ի հետ կապվող ինֆո-օպերացիաների ակտիվ տարածող։

Նյութում առկա ամենամեծ կեղծիքներից մեկը UNICEF-ի տվյալների խեղաթյուրումն է․ ներկայացվում է, թե իբր 71% երեխաներ ենթարկվում են նաև սեռական բռնության։ Իրականում UNICEF-ի հարցումներում խոսքը վերաբերում է «խիստ դաստիարակության» ցուցանիշին, որն ընդգրկում է հոգեբանական կամ ֆիզիկական պատիժը, ոչ թե սեռական բռնությունը։ Մյուս կեղծիքը վերաբերում է օրենսդրությանը․ հոդվածը պնդում է, թե իբր ԱԺ նախագահը «թուլացրել է մանկապղծության պատիժները», մինչդեռ Հայաստանի նոր Քրեական օրենսգիրքը նախատեսում է խստացված պատժամիջոցներ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար։

Ապատեղեկատվական այս հրապարակումը նաև փորձում է շահարկել չստուգված «լուսանկարներ», «աղյուսակներ» և «գաղտնի վայրեր», որոնք ոչ մի կերպ փաստաթղթավորված չեն։ Փաստերի բացակայությունը, վիճակագրության մանիպուլյացիաները և աղբյուրների կասկածելի բնույթը միասին ապացուցում են, որ հոդվածը ոչ թե լրագրողական աշխատանք է, այլ քաղաքական պատվերով քարոզչություն՝ ուղղված Հայաստանի իշխանությունների հեղինակազրկմանը։

 

384