Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր:


Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ:
Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ:


Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին` ժամը 18.10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա:


Օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեց «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա` ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ:


Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

390