Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան:
Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին:
Նախագահը ծանոթացել է պատմամշակութային հուշարձանի պահպանության պայմաններին: Նախարար Անդրեասյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ չնայած հուշարձանի տարածքում տարբեր տարիների իրականացվել են վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ, այդուհանդերձ ներկայումս առկա է հուշարձանի ամբողջական ռեստավրացիայի և տարածքի բարեկարգման նախագիծ:
Դեսպանի հետ զրույցում նախագահ խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում գտնվող թուրքմենական և Թուրքմենստանում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման ուղղությամբ ներդրված երկկողմ ջանքերն ուղղված են երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: