
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։
Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, ուսուցիչների իրավունքների պաշտպանության, աշխատաժամանակի, աշխատանքային հարաբերությունների կարգավորման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, որ ներկայացված հարցերը կուսումնասիրվեն և օրենսդրության շրջանակում կտրվեն համապատասխան լուծումներ: Նախարարը նաև կարևորել է ուսուցչական համայնքի կողմից հստակ առաջարկների և մասնագիտական դիտարկումների ներկայացումը, որոնք հաշվի կառնվեն համապատասխան կարգավորումների մշակման ժամանակ:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպման գործընթացը լինելու է շարունակական՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու մանկավարժական գործունեությամբ։
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ: Հղումը՝ այստեղ: