Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը։

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 85 հանցանք։

Ընդհանուր պատկերում աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտման տեսանկյունից 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել սպանության փորձի, խարդախությունների և թմրամիջոցների մաքսանենգության մասով։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Վայոց ձորի մարզի բաժինների ղեկավար կազմը։

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գրանցվել է 159 դեպք, բացահայտվել՝ 117-ը։ Աճը պայմանավորված է խարդախություններով, ինչպես նաև լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերով։ Միևնույն ժամանակ նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցանքները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցագործություն չի կատարվել։

Անչափահասի կողմից կատարված հանցանք չի արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 դեպքից Վայքի համայնքային ոստիկանները բացահայտել են 51-ը։ Բաժնի սպասարկման տարածքում աճել են մարդու դեմ ուղղված հանցանքները, նվազել սեփականության դեմ ուղղվածները։

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցված 41 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրված հանցանքներից և ոչ մեկը անչափահասի կողմից չի կատարվել։ Աճել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքների թիվը մնացել է անփոփոխ։ Միևնույն ժամանակ աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 1381 ահազանգ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Վայոց ձորի պարեկները կազմել են ընդհանուր 16․804 արձանագրություն՝ 1030-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ։ Բացի այդ, Վայոց ձորի պարեկները բացահայտել են 103 հանցանք, այդ թվում՝ 17-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 4-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։

Արփինե Սարգսյանը, գնահատելով կատարած աշխատանքը, անդրադարձել է որոշ հանցատեսակների դեմ տարվող միջոցառումներին։

ՆԳ նախարարն անձնակազմի ուշադրությունը հրավիրել է շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցանքների կանխարգելմանը, ընդգծել, որ Վայոց ձորի մարզում կան Կարմիր գրքում գրանցված կենդանատեսականեր, ուստի անձնակազմն, անկախ ծառայության բնույթից, պետք է ջանք չխնայի որսագողությունները կանխելու և դրանց խիստ արձագանքելու առումով։

Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները՝ իրականացնելով և՛ ստուգումներ, և՛ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Նախարարը, դրական գնահատելով անչափահասների կողմից հանցանք չկատարելու հանգամանքը՝ պահանջել է այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակել կանխարգելիչ միջոցառումները՝ առավել սերտացնելով ոստիկան-անչափահաս փոխհարաբերությունները, ինչը անչափահասներին ոչ իրավաչափ ներգործությունից առավելագույնս զերծ պահելու լավագույն միջոցներից է։

Արփինե Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է նաև ոչ միայն Ոստիկանության տարբեր ծառայությունների, այլև գործընկեր կառույցների հետ համագործակցությունը՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա նաև ձևավորել անհրաժեշտ ապացուցողական բազա։Կանխարգելման համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ մարզի ցանկացած հատվածում բնակչությունը պետք է զգա ոստիկանի պատշաճ ներկայություն։Պարեկային ծառայությանը նախարար Սարգսյանը հանձնարարել է

անզիջում լինել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ և իրականացնել պատշաճ վարչարարություն։ Նույն օրը նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել հրշեջ-փրկարարների հետ, այնուհետև հետևել է ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են արդեն իսկ իրականացված և կատարվելիք աշխատանքները։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղեգնաձորի բաժին, հետևել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակի մասին։

 

Վայոց ձոր կատարած այցի շրջանակներում ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Եղեգնաձորի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ:

269