Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 26-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ծաղկաձորում մասնակցել է Ուսանողական հաքաթոնի պաշտոնական բացման արարողությանը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ ԲՏԱ նախարարությունը մեծ կարևորություն է տալիս հաքաթոնների անցկացմանը։

«Հաքաթոնները կարևոր հարթակ են, որտեղ մասնակիցները, կարճ ժամանակում համագործակցելով, տեսական գիտելիքը վերածում են նորարարական ու գործնական լուծումների՝ տալով տեսանելի թիմային արդյունք և արժեքավոր փորձ։ Մենք հաքաթոնները չենք դիտարկում լոկ որպես մրցույթ, այն հնարավորություն է ստեղծագործելու, առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներին որակյալ լուծումներ տալու, նոր գիտելիքներ կուտակելու»,- նշել է նախարարը։

Ուսանողներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։

Հաքաթոնը կանցկացվի օգոստոսի 26-29-ը՝ Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների շուրջ 100 ուսանողի մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի, Վանաձորի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները: Բացի բուհերից՝ հաքաթոնին մասնակցում են նաև «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի և Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտները։

Մասնակիցներին կտրվեն առաջադրանքներ երեք թեմայի շուրջ՝ տարերային աղետներ կանխատեսող և կառավարող տեխնոլոգիաներ, պատկերների թվային մշակման տեխնոլոգիաներ և տեխնոլոգիական խելացի լուծումներ քաղաքաշինության մեջ:

Միջոցառման ընթացքում թիմերը կառաջարկեն տարբեր լուծումներ տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրների վերաբերյալ: Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը կստանան դրամական մրցանակներ` 2.5, 1.5, 1 մլն ՀՀ դրամի չափով:

Հաքաթոնի ընթացքում կանցկացվեն նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ ԲՏԱ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, ինչպես նաև գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

79