
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսեր գրելու և բաց թողնելու կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Այդ մասին որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության կայքէջում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող բուժառուներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև բուժառուի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով:
Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող բուժառուների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող բուժառուները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն դեղը, սակայն պացիենտը ստիպված է լինում յուրաքանչյուր ամիս այցելել բժշկին` անհրաժեշտ դեղը ստանալու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ 2025-ից ՀՀ-ում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրման ծրագիրը, որի շրջանակում փոխհատուցվող դեղերի տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը` դեղատների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա:
Որոշման ընդունումը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, բուժառուների դեղերի դուրսգրման և դեղ ստանալու նպատակով բժշկին և դեղատուն այցերի կրճատմանը:
Միաժամանակ փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել 90 օրով, որը հնարավորություն կտա բուժառուին փոխհատուցվող դեղը բաց թողնել 90 օրերի ընթացքում նախկին 30 օրերի փոխարեն:
Արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: