Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող վարկային համաձայնագրի նախագիծը։

Նրա խոսքով՝ արդյունքահեն վարկային ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա 45.3 միլիոն եվրո, որի նպատակն է առողջապահության ոլորտում որակի բարելավումն ու ապահովումը։

Փոխնախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ՝ առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, բժշկական ծառայությունների որակի գնահատում, հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորման և կարգավորման կատարելագործում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման ընդլայնում։

Վարկի պայմանների համաձայն՝ գումարը տրամադրվում է 18 տարվա համար․ 7 տարվա արտոնյալ և 11 տարվա մարման ժամկետով։ Տոկոսադրույքը լողացող է, միջինում՝ 3.11%, հավելյալ պարտավորության վճար՝ տարեկան 0.15%։ Ծրագրի կատարման վերջնաժամկետը սահմանված է 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նանուշյանը նշեց, որ մշակվել է յոթ ցուցանիշ, որոնք ամրագրված են տարեկան չափորոշիչներով: «Դրանց իրականացումից հետո միայն հնարավոր կլինի վարկային միջոցների մասնահանումը։ Ծրագրի պատասխանատուն է ծրագրերի իրականացման գրասենյակը, որը յուրաքանչյուր արդյունք պետք է վերիֆիկացնի և ներկայացնի Ասիական զարգացման բանկին»,- ասաց փոխնախարարը:

173