
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Իրենց հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով դատարան դիմած քաղաքացիների համար պետական տուրքի վճարումը կհետաձգվի:
«Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննական մարմինը՝ դատախազը կամ դատարանը, հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը»,- ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ նախագծով հիմնարար իրավունքների շրջանակը կանխորոշվել է՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն իրավունքների շրջանակը, որոնց պետության համար խախտման դեպքում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցում: Դրանք են կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու իրավունքը, անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքը և այլն:
«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պետության կողմից պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով կառուցակարգ սահմանել՝ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանների մատչելիության իրավունքի լիարժեք իրացման համար: Այսպիսով լրացուցիչ երաշխիք ենք նախատեսում՝ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության»,-նշել է փոխնախարարը: