Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն:

Ընդունված իրավակարգավորումներով մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացն ամբողջությամբ պետք է թվայնացվի: Նորմը գրեթե մեկ տարի է գործում է, սակայն դատական մարմիններին վերաբերող հատվածում բաց կար: Նախագծով դատական մարմիններում որևէ գույքի, անշարժ գույքի կամ գործողության վերաբերյալ որոշումները եւս պետք է ներկայացվեն Կադաստրի կոմիտեում ներդրված համակարգ՝ մինչ դատական մարմինները եւս կունենան իրենց թվային համակարգերը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը քննարկման ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Ստեղծենք հնարավորություն Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանները վարել առժամանակյա, և յուրաքանչյուր դեպքում, երբ դիմումի հիման վրա քաղաքացիներին կտրամադրենք որևէ տեղեկատվություն, հնարավորություն ունենանք այդ պահին առկա բոլոր տեղեկատվական ճանապարհներով ստացած որոշումներն արտացոլել միասնական տեղեկանքներում կամ այլ տեղեկատվական մատյաններում»,- նշել է Սուրեն Թովմասյանը:

Օրենսդրական փաթեթով ակնկալվում է ապահովել որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով:

Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել դատական մարմինների համակարգերի փոխգործելիությանը, սահմանափակումները հանելու գործիքակազմի կիրառմանը, թվային միջավայրում առաջացող հնարավոր խնդիրներին, քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ինքնակամ կառույցների օրինականացմանը, քաղաքացուն շինթույլտվություններ տրամադրելու գործընթացին և այլ հարցերի:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

135